Egretta Garzetta
Նա
Մեր ամուսնական առաջին գիշերը Սալոմեն պիտի մնար քրոջս սենյակում։ Մի ամիս կխաղանք այր ու կին, ապա կասենք, որ բաժանվում ենք։ Հետո որոշեցինք, ավելի հետաքրքիր ու ցնցող կլինի, եթե հենց հարսանյաց հանդեսին անակնկալ մատուցենք մեր հարազատներին։
Առհասարակ մեր ամուսնությունը շատ հետաքրքիր պատմություն ուներ։ Երկուսիս ծնողներն էլ ուզում էին մեզ պսակել, որպեսզի «պսակվեն» նաև նրանց բիզնեսները։ Եղբորս՝ Գարիկին, երբեք չէին կարող ստիպել, իսկ ինձ․․․ թուլամորթիս այնքան ասացին, կրկնեցին, որ երազումս էլ լսում էի․ «Անպայման պիտի ամուսնանաս Սալոմեյի հետ»։ Ինչու՞ առանց ամուսնության անհնար էր միություն կազմել։ Ինչպո՞ս երկու խարդախություն պիտի համագործակցեին։
Սկզբում երկուսս էլ ընդունեցինք նման որոշումը թշնամաբար․ սակայն հետո երբ մոտիկից ծանոթացանք, անկեղծորեն խոսեցինք, դուրս եկավ երկուսս էլ համամիտ ենք մեր ծնողների սխալ որոշման մեջ։ «Արի ձևացնենք, որ համաձայն ենք»,—առաջարկեց նա ու այտի վրա փոսիկ գոյացավ։
Այսպես մենք հաջողությամբ խաղացինք մեր դերը շրջապատի աչքերում։ Քանի որ ստիպված էինք ժամանակ առ ժամանակ հանդիպել՝ պայմանավորվեցինք այցելել մի քանի թանգարան ու գնալ ջազ համերգի, չնայած Սալոմեն չէր սիրում ջազ։ Շատ անգամ տանը ասում էինք թե իրար հետ հանդիպման ենք, սակայն իրականում ամեն մեկս իր գործին։ Բայց այդ խաղը ձանձրացնում էր ու խանգարում երկուսիս։ Ես ուզում էի երգել, աստված շնորհել էր գեղեցիկ ձայն, տատիս էր հաճախ կրկնում այդ խոսքերը, իսկ նա՝ մեկնել Ամերիկա շարունակել ուսումը։ Ուստի որոշեցինք արագացնել հարսանիքը որպեսզի շատ չանցած տանք իրար ազատություն։ Պետք էր տեսնել հորս դեմքը երբ հայտարարեցի, որ գժի նման սիրահարված եմ ու ինչքան շուտ ամուսնանամ այնքան լավ։ Խեղճ ծերուկը վաղուց էր երազել լսել այդ բառերը՝ ուստի ուրախությունից ոտքի նետվեց ու գրկեց ինձ։ Մայրս նույնպես ուրախացավ։ Միայն քույրս բերանը ծռեց ու աչքերով խոցեց ու հեռացավ իր սենյակ։ Լավ է բերանը չբացեց։
Մի շաբաթ անց գնացինք Սալոմեենց տուն։ Այնտեղ արդեն սպասում էին։ Ինչպես առաջ էին ասում խոսքը կտրեցին ու հարսանիքի օրը նշանակվեց։ Այն որ նշան էլ չէինք տվել ոչ մեկին ընդհանրապես չէր հուզում։ Ոչ մեկին չխանգարեց նաև մեծ պասը։ Մե՜ծ բան, եկեղեցի հետո կմտնեն։ Արագավազ հարսանիք էր սպասվում, կարծես Սալոմեի ծոցս մտնելուց հետո վայրկյանում բիզնեսը տասնապատիկ մեծանալու է, փողերը ամեն տեղից թափվելու են։
Ի՜նչ ծիծաղելի տեսարան էր։ Ընկերներս ծաղրանքի առարկա էին դարձրել ինձ․ առիթ բաց չէին թողնում որպեսզի մի տափակ հումոր չանեին։ Միանշանակ այս կոմեդիան անհրաժեշտ էր ավարտել։ Սալոմեն նույնպես նյարդայնանում էր իրավիճակից։ Ինչքա՜ն էլ ձևացնում էր որ իրեն չի ազդում այս դերասանությունը, սակայն նկատում էի ինչպես նիհարել էր, էլ չէի տեսնում այտի փոսիկը։ Մեղքանում էի նրան։ Ուժեղ էր ձևացնում իրեն, բայց շատ թույլ ու վիրավորվող էր։ Մի անգամ անզգուշաբար փախցրեց․ «Ինձ ամուսնացած-բաժանված են ասելու»։ Սակայն դա ակնթարթ էր, որը ծածկվեց կեղծ ժպիտով։
Եկավ հարսանիքի օրը։ Ինչպիսի՜ հարսանիք։ Հայրիկս չխնայեց ոչի՛նչ։ Մայրիկս, որ սիրում էր ցուցամոլություն, ընտրել էր թանկից թանկը։ Նրանց երջանկությանը չկար չափ ու սահման։ Հավաքել էին ամբողջ գերդաստանը ու ինչ ծանոթ-անծանոթ պաշտոնյաներ ունեին։ Սալոմեյի ծնողներն էլ ետ չմնացին․ նույն չտեսներից էլ նրանք էին։ Իրենց միակ դստերը շատ հաջող ծախում էին․ հիանալի ներդրում սեփական բիզնեսի մեջ։ Ամբոխի մեջ կար մի մարդ ով չհավատաց կատարված ներկայացմանը։ «Գուցե բավական է»,—կամացուկ արտասանեց քուրս։ Ձևացրի որ չհասկացա։ Մեքենայում երկուսով էինք․ ինքս էի նստել ղեկին։ «Ի՞նչ խաղ է։ Չափը չանցա՞ք։ Արի ետ դառնանք քանի ուշ չէ։ Այդ աղջիկն էլ մեղք է»։ Մերին և կարմրեց և ասաց․ «Ի՞նչ ես անելու։ Գիշերը քնելու ես հետը, առավոտյան հոր տուն ճամփելու՞»։ Իմ հերթն էր կարմրելու։ Այս մեկը հասկացել էր իրողությունը։ «Քո սենյակում կմնա»։ «Մինչև ե՞րբ»։ Պատասխան չունեի։
Բարձրացանք հարսի հետևից։ Անքան մարդ կար, որ սկզբում նույնիսկ չհասկացա, թե ուր է Սալոմեն։ Մինչև չտվեցին ճանապարհ դեպի նա։ Շունչս քիչ մնաց կտրվեր, երբ տեսա նրան։ Սովոր էի տեսնել նրան ջինսերով, մոռանում էի աղջիկ լինելը, նա դարձել էր իմ ընկերը։ Իսկ դիմացս կանգնածը հրաշք էր։ Քարացա մնացի, մինչև Մերին չբոթեց․ «Առաջ գնա՛»։ Մնացածը ինչ կատարվել է դրանից հետո չեմ էլ հիշում։ Ինչպես դուրս ենք եկել, գնացել հարսանեաց սրահ, ինչպես շնորհավորում էին․․․ գուցե ուրիշ տեղ էլ ենք եղել, ընդհանրապես ոչինչ չէի հասկանում․ ուշք ու միտքս Սալոմեն էր։ Աշխատում էի նրան չնայել, սակայն աանհնար էր։ Հետո էլ վերջապես փեսա եմ չէ՞, ի՜նչ նրանից որ հիացել եմ, պոկ գալ չի ստացվում։ «Ի՜նչ լավ ես խաղում»,—շշնջաց նա ականջիս երբ կանգնել էինք սեղանի մոտ։ Ժպիտս մարեց ու կորավ։ Ներքև իջա երկնքից։ Եթե Սալոմեն ուշադրությունը չշեղեր մոտեցող հյուրի վրա, ապա խիստ զարմացած կմնար այս փոփոխությունից։ «Չէ Միքայել հավաքվիր,– ասացի ինքս ինձ,– պլանից չշեղվես»։ Բայց Սալոմեի շողշողուն կերպարանքը ստիպում էր վերանայել մտադրությունս։ Նույնիսկ չար մտահղացում առաջացավ մոտս երբ հարսիկի պար էր պարում․․․ թող քնի իմ սենյակում, ոչ թե քրոջս․․․ չէ որ այս գիշերվանից իմ կինն է․․․ սակայն իսկույն հավաքեցի ինձ․․․ ամոթ է․․․ օգտվել աղջկանից, ով քո խելքին եկել հավատալով հարսանյաց սրահ է հասել, որպեսզի երկուսդ էլ ստանաք ազատություն․․․ տմարդիությու՛ն․․․ հանկարծ հիանալի միտք ծագեց իմ գլխում․․․ ինչ կլինի երկարացնենք այս բեմադրությունը ու միասին մեկնենք Ամերիկա, հեռու բոլորից։ Ինքս կզբաղվեմ իր սիրելի երգով, Սալոմեն էլ կսովորի։ Բայց ինչու՞ նման փոփոխություն ծագեց ուղեղում չէի կարողանում բացատրել։ Սալոմեն անվերջ պարում էր։ Թիթեռնիկ էր դարձել այսօր։ Ինչու՞ չէի նկատել ի՜նչ գեղեցիկ է նա։ Ի՜նչ իմանար ինչ է կատարվում իմ ներսում։ «Ինձ մի երգ կնվիրե՞ս»,—մոտեցավ նա ու բռնեց ձեռքս։ Ժպիտը նույնիսկ աչքերն էր լուսավորում։ Տեսնես այսպես ազատ կբռներ ձեռքս, եթե իմանար, որ այդ ձեռքը սկսել է դողալ իրեն վալսի ժամանակ գոտկատեղից բռնելուց, ուզում է գրկել ու բաց չթողնել․․․ ու բանն այն էր, որ պատրաստ է հուր-հավիտյան այդպես մնալ․․․ կպահե՞ր իրեն այսպես անկաշկանդ ու վստահ, եթե իմանար, որ գիշերը մնալու է իմ սենյակում, ոչ թե Մերիի։ Ի՞նչ պատահեց ինձ․․․ մի՞թե սիրահարվեցի․․․ չէր կարող պատահել․․․ ես երեխա չէի․․․ քսաներկու տարեկան ․․․ բայց կատարածս գործողությունները դավաճանում էին ինձ։ Երկու ձեռքով բռնեցի օրիորդի ձեռքը ու համբուրեցի․ «Քե՛զ, ե՛ս սիրտս եմ նվիրել, ու՜ր մնաց մի երգ»։ Անակնկալի եկած նորահարսը ետ քաշեց ձեռքը․ «Մի՜ք, ի՜նչ ես անում․․․ լրիվ դերի մեջ ես»։ Ծիծաղեցի ու թևից հետևիցս քաշելով գնացի դեպի երաժիշտները։ Արդեն չեմ էլ հիշում ինչ երգ եմ երգել, ինչ-որ ուրախ երգ, բայց երբեք չեմ մոռանա նրա հիացմունքով լի աչքերը։ «Ի՜նչ սիրուն ես երգում։ Աստվա՜ծ իմ, դու հրաշալի ձայն ունես»,—անվերջ կրկնում էր նա։
Երեկոյան բոլորից թաքուն հարցրեց․ «Դե՜, ե՞րբ ենք ավարտելու հանդեսը։ Չեկա՞վ կուլմինացիոն պահը»։ Սիրտս դող ընկավ։ Վերջերս պայմանավորվել էինք հենց հարսանիքի ժամանակ, հայտարարելու ենք մեր խաբեությունը, բայց չէի ուզում․․․ հիմա՛ չէի ուզում․․․ վայրկյանում հիշեցի մեր անց կացրած օրերը։ Այն ժամանակ ընկեր էր, բայց հիմա հարսի շորով․․․ Կույր էիր Միքայել։ Օդի մեջից հորինեցի․ «Սալոմե, կարևոր բան ունեմ ասելու, այսօր կմնանք հյուրանոցում, իսկ հետո կպարզենք, թե ինչ ենք անելու»։ «Ի՞նչու,—ջղայնացած ասաց օրիորդը,—պայմանը մի՛ խախտիր»։ «Չեմ խախտում, ուղղակի բացահայտվեցին ուրիշ գործեր»։ «Ե՞րբ, հարսանիքի ժամանա՞կ»։ Նրա դեմքից կորավ անհոգ արտահայտությունը։ Բայց համոզեցի ու հյուրանոց գնացինք։ Իհարկե տարբեր համարներում մնացինք։ Մեջս ամեն ինչ տակնուվրա էր եղել։ Կորցրի հանգիստս․․․ ի՞նչ էի անելու․․․ բաց թողնել չէի ուզում, բայց և խաբել ստորություն կլիներ․․․ եթե՞ զգացմունքներս անցողիկ են, ապա բաց կթողեմ նրան, նա ազա՛տ է, ու հարազատներին սպասում է մեծ անակնկալ, իսկ եթե հակառա՞կը․․․ հապա ի՞նչ․․․ մտածում էի կատարվածի մասին։ Ոչ թե խաբկանք հարսանիքի, այլ իմ խաբկանք սիրո մասին։ Չէինք պլանավորում, որ այսպես երկարելու է․ կեղծ հարսանիքը թմբուկների ու շեփորների երաժշտության տակ հայտարարվելու էր դերասանական ներկայացում։
«Ի՞նչ է պատահել, ինչու՞ մենք չկարողացանք բացահայտել մեր կեղծ հարսանիքը»,—անվերջ հնչում էր նրա ձայնը։
Կանցնի՛, պիտի՛ անցնի, առավոտյան երբ տեսնեմ նրան ջինսերով, ամեն ինչ կանցնի։ Սակայն առավոտին չհասանք․ նորից հարսի շորով տեսա․ անսպասելի հնչեց հեռախոսի ձայնը։ Մայրս էր։ Լսածս սարսափեցրեց ինձ։ Հայրս տան ճանապարհին խիստ վատ զգացել իրեն ու ավտովթարի են ենթարկվել։ Մեքենայում ինքն, Մերին ու մայրս են եղել։ Լուրջ վնասվածքներ չունեին։ Լուրջը հորս սիրտն էր։ Հիվանդանոցում էին։ Վազեցի Սալոմեյի համարի մոտ, զգուշացնեմ, որ գնում եմ։ Երևի դեմքիս արտահայտությունը անհանգստացրեց Սալոմեին։ «Ի՞նչ»։ «Հայրս վատ է»։ Նա եկավ հետս հիվանդանոց հարսի շորը հագին, մնաց մոտս մինչև ուշ գիշեր, անվերջ կրկնում էր․ «Ամեն ինչ լավ կլինի»։ Ոչ մայրս, ոչ էլ Մերին վնասվածք չունեին։ Գարիկը դեռ չէր հասել։ Աստված գիտեր ուր է։ Բայց նրա ներկայանալուց հետո մորս աչքերը լուսավորվեցին։ Սալոմեն անշշուկ էր։ Նույնիսկ մոռացել էի, որ հաց չի կերել մինչև Մերին չհիշեցրեց, որ ընթրել է հարկավոր։ Ի՜նչ ընթրել, մենք նախաճաշ չենք տեսել։ «Տար նրան տուն»,—խնդրեցի քրոջս։ Բայց Սալոմեն հակաճառեց․ «Կմնամ քո հետ»։ Գործի անցավ նաև մայրս, համոզվեց միայն երբ ասացի, թե բոլորս էլ գնում ենք տուն։ Այդ րոպեին խառնվել էին իրար բոլոր զգացմունքներս։ Հորս վիճակը ծանր էր, սրտի կաթված էր ստացել․ մյուս կողմից Սալոմեն, մեր պլանը շուռ եկավ․․․ Նայում էի նրան, տեսնում ինչպես տանջվում է․․․ և՛ թողնել հեռանալ չի կարող, և՛ մնալ չի ուզում․․․ «Ձեր սենյակը տղաս․․․» այս բառերը երբ լսեցի միտս եկավ, որ այստեղ առանձին քնել չենք կարող․․․ օրիորդի աչքերը հարցական գամվեցին ինձ․․․ փրկություն էին աղերսում․․․ «Մա՜մ, Սալոմեն դեռ կքնի Մերիի սենյակում, իսկ ես մնալու եմ հիվանդանոցում»։ Իհարկե մորս այդ որոշումը զարմացրեց, ծուռ-ծուռ նայեց հարսին։ Մերին ջղայնացած աչքերը ոլորեց մեր վրա ու ուղեկցեց «կնոջս» իր ննջարան։ Կեսգիշերին այդ երկու խելոքներն հիվանդանոց եկան։ «Ստիպեց, որ գանք։ Մաման չգիտի։ Հորքուրի հետ տանն է»։ Սալոմեն միայն ժպտաց, Մերիի հագուստով էր, նստեց կողքս։ Կողքս էր ե՛րբ մեկնեցինք Մոսկվա, ե՛րբ վերադարձանք, ե՛րբ գործի էի գնում, բիզնես, որի բարելավման համար ծնողը ծախում է զավակին, ե՛րբ հորս հանգիստ էր պետք, ու համբերությամբ երջանիկ ընտանիք էինք խաղում․․․ Մամայիս հարցին, թե ինչու ենք առանձին քնում, պատասխանեցի, որ եկեղեցով դեռ ամուսնացած չենք, ու քանի հայրիկս ոտքի չի կանգնել, ամոթ է ինչ-որ ծիսակատարության մասին մտածել։ Սալոմեն տեսնում էր ինչպես եմ տանջվում, հորս վիճակը ու վզիս մնացած գործերը հոգիս կերան․․․ շատ բանից գլուխ չէի հանում։ Ճիշտ ասած մեծ օգնություն ցուցաբերեց Սալոմեյի հայրը։ Գարիկը օրերով կորչում էր, գալիս հարբած։ Տուն էր մտնում խեթ-խեթ նայում մեզ ու բարձրանում իր սենյակ։ Օրիորդը գթառատության քրոջ նման գալիս էր հետևիցս, արդեն գիտեր քանի գդալ շաքարով թեյ եմ սիրում ու ինչպիսի ուտեստներ․․․ աշխատում էր մեղմել վիճակը, շեղում ուշադրությունս, խոսում էինք աշխարհի մի ծայրից սկսած, մյուսից՝ վերջացրած․․․ նա իմ հարազատ հոգին դարձավ, ինչպես և ես՝ նրա․․․ վազում դիմավորում էր, պատմում ինչպես անցավ օրը, փորձում ցրել դժգույն մտքերս, նույնիսկ հայտնաբերել էր ձայնագրման ստուդիա՝ հաճելի անակնկալ իմ համար․․․ վերջապես երկուսս էլ հասկացանք, որ սիրում ենք իրար․․․ հասկացանք ու լռեցինք․․․ ոչ մեկս չունեցավ քաջություն անկեղծանալու ու պատմելու զգացմունքների մասին։ Սրտի խորքում երկուսս էլ տեղ էինք թողել այն մտքին, որ սա խաղ է, լա՛վ խաղ։
Հայրս առողջացավ, ոտքի ելավ․ եկավ ժամանակը բացահայտելու իրողությունը։ Կեղծ ամուսնությունը տևեց չորս ամիս։ Ընթացքում մեր բիզնեսը դարձել էր ընդհանուր ու հասել մեծ բարձունքի։ Երբ հայտնեցինք մեր մտադրությունը ծնողներս, չզարմացան, ասես սպասում էին նման ավարտի։ Ցավոք սրտի նրանց մեր բաժանումը ընդհանրապես չհուզեց։ Մայրս ասաց․ «Ոչինչ, հիմա որ դարն է, որ ամոթ լինի»։ Գուցե եթե Սեդան լիներ հարազատ մայրս այդպես չէր արձագանքի, կարող է հենց սկզբից արգելեր հորս ստիպել ինձ ամուսնանալ։ Գարիկին նա չէր թողնի նման զոհաբերություն անել։ Եղբայրս ծաղրեց թե, շուտ հանձնվեցիր։ Ի՞նչ նկատի ուներ այնպես էլ չհասկացա։ Միայն Սալոմեի մայրը դժգոհեց, թե սխալ է բաժանվել, ամեն ինչ կարելի է ուղղել, պետք չի ռադիկալ կերպ լուծել տվյալ հարցը։ Բայց որոշումը ընդունված էր վաղուց։
Շատ եմ տանջվել, երբ նա մատանին հանեց մատից ու տվեց ինձ։ Աչքերը լիքն էին արցունքներով, երբ նստում էր տաքսին։ Տեսա ինչպես հեռացող մեքենայում լացում է ու չգնացի հետևից։ Սիրտս պոկվեց կրծքիցս ընկավ ջարդվեց, մտովի սլացա նրա հետևից խփեցի մեքենայի պատուհաններին, գոռացի կանգնել, չտանել իմ սիրուն։ Բայց իրականում մեխվել էի տեղումս ու անշարժ հայացքով հետևում ինչպես սպիտակ մեքենան սևացնում է կյանքս։ «Գնա հետևից»,—գոռում էր ներքին ձայնս։ Էությունս մղվեց նրա հետևից, բայց մարմինս մտավ տուն ու հանգիստ պառկեց մահճակալին։ Հոգու խորքում վախենում էի խաբված դուրս գալ։ Գուցե սա նրա վերջին խաղն էր հանդիսատեսի համար։ Բայց ես արդեն ճանաչում էի նրան ավելի լավ քան ինքս ինձ։ Դա դերասանություն չէ՛ր։ Ինչու՞ չասացի որ սիրում եմ։ Ինչու՞ լռեցի։ Մոխիր դարձա․․․ քամու գերի․․․
Հետաքրքիր էր, մենք բաժանվեցինք, բայց ո՛չ չորս ամսվա ընթացքում համտեղ դարձած գործը։ Ոչ մեկը չէր էլ հիշում մեր մասին։ Այն բոլոր մարդիկ՝ հարազատները, որ կաթում էին ուղեղիս թե ամուսնությունը Սալոմեյի հետ անհրաժեշտ է, նույնիսկ չէին էլ հիշում իրենց ասած խոսքերը։ Կարծես ընդհանրապես ոչինչ չէր եղել։ Այն որ օր ու գիշեր անվերջ կրկնում էին ․ «Ամուսնացի՛ր, դա հարկավոր է ամբողջ գերդաստանին» ակնթարթում մոռացվեց։ Ինչու՞ համոզվեցի։ Թույլ գտնվեցի։ Ում աչքին պիտի երեևայի։ Ի՜նչ պիտի ձեռք բերեյի։ Ծնողական սեր, որ կյանքում չեմ ունեցել։ Հիմար չէի ու զգում էի ինչպես փոխվել էր հորս ու մորս վերաբերմունքը իմ հանդեպ։ Գուցե և նրանց աչքերում հաճոյանալու ցանկությունը վերջին կաթիլն էր համաձայնվելու։ Ինքը Սալոմեն էլ դեմ չէր, նույնիսկ ինքը առաջարկեց «պատժել» մեր ծնողներին։ Սակայն պատժվեցինք միայն իրենքս։ Հայրս հենց ոտքի կանգնեց, իսկույն վազեց իր աշխատասենյակը ստուգել հաշիվները՝ իմ ու եղբորս աշխատանքը, Գարիկը վերջերս խելքի էր եկել։ Սալոմեյի բացակայությունը մեր տանը զգաց միայն Մերին։ Տխրում էր, բայց ցույց չէր տալիս։ Միայն անվերջ դժգոհում էր փուչ բաներից ու գնում-գալիս վիճում հետս։ Աչքերն ասում էին․ «Դու տղամարդ չես, փալաս ես»։
Տարիներ անցան այդ օրվանից։ Տարիներ շարունակ արդարացումներ էի գտնում։ Չէ՞ որ դա հանաք ու խաղ էր։ Իսկ զգացմունքներս միայն խաբկանք էին։ Շլացել էի տեսնելով հարսի համազգեստով աղջկան։ Ինչու՞ մինչև այդ չէի նկատում նրա գեղեցկությունը։ Չլինի՞ թե վարսավիրանոցը ու հարսի շորը հրաշքներ են գործում։ Սիրել էի նրան վաղուց։ Ե՛րբ պատմում էր երազանքների մասին, ե՛րբ պլանավորում էր ապագան, ե՛րբ մենակ նստում էր սրճարանում, իսկ ես իմ գործերին էի, ե՛րբ ծանոթացնում էի ազգականների հետ, ու նա ժպտում էր ընդունելով շնորհավորանքի խոսքերը։ Լույս էր վառվում նրա պայծառ աչքերում, երբ սկսում էր պլանավորել մեր հարսանիք-բեմադրությունը։ Լցվում էր անբացատրելի աշխուժությամբ։ Մեր կեղծ ժամադրությունները դարձել էի սպասելի։ Վերջը այնքան էր բացվել առաջս ու վստահում, որ կիսվում էր անձնական գաղտնիքներով։
Հորս հետ կատարված դժբախտությունից հետո բացահայտեցի նրան լրիվ ուրիշ կողմից։ Նա գերադասեց մնալ կողքս չնայած ես ոչ ոք էի նրա համար։ Օգնում էր ինչով կարող էր։ Հանգամանքների գերին էր դարձել։ Տանեցիները ընկած սեփական հոգսերի հետևից չէին էլ նկատում մեր դժվարությունները։ Իսկ Սալոմեն սպասում էր ժամերով ուշ գիշեր մինչև վերադառնամ աշխատանքից։ Անվերջ հարցուփորձ էր անում թե ինչպես անցավ օրս։ Անհրաժեշտության դեպքում գալիս էր հետս և՛ հիվանդանոց, և՛ աշխատանքի։ Մի անգամ երբ ասացի, որ նա ազատ է ու կարող հեռանալ չտանջվել իմ հետ։ «Երբ կգա ժամանակը կգնամ»,—պատասխանեց հանգիստ։ Հաճախ խնդրում որ երգեմ։ Լսում էր զմայլված։ Պոչի նման գալիս էր հետևիցս ամենուր։ Արդեն սովորել էի նրա ներկայությանը։ Ուներ ինձ զանգելու ժամանակը, ցերեկը ճաշին ու երեկոյան երբ ուշանում էի։ Գարիկը քթի տակ ժպտում էր․ «Աչքերիդ լույսն է զանգու՞մ»։ Քանի՜ անգամ եղավ որ հոգնածությունից քուն էի եղել աշխատասենյակում։ Սալոմեն էլ մնում էր մոտս։ Մի անգամ Մերին կատակեց․ «Ե՞րբ ես տանելու կնոջդ քո սենյակ»։ «Կինս» կարմրեց մինչև ականջների ծայրը։ «Ինչու՞ խանգարում է քեզ։ Շուտով տանջանքներդ կվերջանան»։ Թևս գցեցի Սալոմեյի ուսը, նա ավելի շատ կարմրեց։ Սիրտս էր մտել չէի իմացել։ Փնտրում էի նրան ամենուր, սպասում զանգերին։ Ու ի՜նչ արի․․․ ապու՛շ․․․ ձեռքս եկած բախտս բաց թողի․․․ մնացել էր խոսովանել․․․ ու թող ինչ ուզում էր լիներ․․․ փակել աչքերս սպասել պատասխան․․․ բայց այնքան թույլ գտնվեցի, որ կորցրի հավիտյան․․․
Ամեն վայրկյան մտածում էի նրա մասին, ինչպես նաև միշտ գիտեի, որ ուր է նա և ինչով զբաղված։ Ինձնից առավել նրա՛ն էի սիրում։ Բաց թողի որպեսզի գնա իր երազանքի հետևից։ Դարձա՞վ նա երջանիկ։ Չգիտե՛մ։ Իմ մասին էլ չեմ կարող ասել, թե եդեմական կյանք եմ վայելում։ Հասա՞ մուրազիս։ Հայրիկս չէր թողնում ինձ բիզնեսմեն դարձնելու երազանքը։ Իսկ ես երգում էի, ձայնագրվում, աստիճանաբար դարձա ճանաչված ու սիրված, միևնույն ժամանակ անսեր։ Լացս գալիս էր ու արցունքներս երգերով էի արտահայտում։
Համատեղ բիզնեսը փլուզվեց ու ամեն մեկը գնաց իր ճանապարհով։
Մի օր հանդիպեցի նրան օդանավակայանում։ Տասը տարի անց։ Երկուսիս համար էլ անսպասելի։ Վերադառնում էր Ամերիկա։ Մայրը նախատական հայացքով սպանեց ինձ, բայց թույլ տվեց խոսել, չմոտեցավ։ Սալոմեն փոխվել էր։ Մազերը ներկել էր այնպես որ արմատները մնացել էին մուգ, իսկ ծայրերը բաց գույն, հիմա նրա մոխրագույն աչքերը ավելի շատ էին աչքի ընկնում։ Կուզենայի գրկել, սեղմել սրտիս, առնել կարոտս, բայց միայն չոր բարևեցի, հարցրի որպիսությունը։ Նրա տխուր աչքերում չկար նախկին ջերմությունը, որ ինձ տեսնելիս լուսավորում էր ողջ էությունը։ Խորին ցավ կար ու դատարկություն։ Ինչպե՜ս կգրկեի, միայն թե չտխրեր ու այտի փոսիկը լիներ տեղում։ Իրենքս ենք մեղավոր, չափն անցանք ու արեցինք սխալ քայլեր, անվերադարձ կորցրինք հանգիստը, լուռ տենչացինք իրար, բայց չբացվեցինք միմյանց առաջ։ Մեր սերը առանց խոսքերի էր։ Աչքս ընկավ ամուսնական մատանու բացակայությունը։ Նա նկատեց ժպիտս, չտեսնելու տվեց։
«Ինչու՞ երգերդ միշտ տխուր են»։ «Լսու՞մ ես ինձ»։ «Մի՜շտ․․․ դու միշտ հետս ես․․․ այսինքն, քո երգե՛րը»։ Ժպտաց։ Ու ինչպես միշտ մեզ խանգարեցին։ «Կարելի է նկարվել ձեր հետ»։ Նա գնաց․․․ գնաց առանց ետ նայելու։ Ինչու՞ հանդիպեցինք։ Կրկին ցավ ապրեցի։ Ու նորից եթե ուրիշ տեսակ լինեի միասին կլինեինք։ Չսիրելով ամուսնացանք, սիրելով բաժանվեցինք։ Ու եթե մի անգամ էլ տեսնեմ, կգրկեմ էլի՛, գոնե՛ մտովի։